ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Եպիսկոպոսների ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Եպիսկոպոսների ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
10.06.2014 | 11:38

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների և hայաստանյան թեմերի առաջնորդների հերթական ժողովը:
Ժողովի սկզբում Ամենայն հայոց հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին: Նորին Սրբությունը կարևորել է ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի համակողմանի քննարկումը և բարի արդյունավորում է մաղթել ժողովականների աշխատանքներին:
Ժողովում քննարկվել են եկեղեցու հոգևոր-կրթական, քարոզչական առաքելությանը վերաբերող կանոնական, ծիսական և սոցիալական հարցեր:
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության և 2014-2015 ուս. տարվա ընդունելության գործընթացի վերաբերյալ զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Համաձայն սրբազանի զեկուցման` Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ներկայումս ուսանում է 236 սան: Գևորգ սրբազանը խոսել է հոգևորականության պատրաստության ծրագրերի, ճեմարանական ընդունելության կազմակերպման ընթացքում ծառացող դժվարությունների և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Վեհափառ Հայրապետի կողմից թելադրվել է թեմակալ առաջնորդներին` համայնքներում հոգևոր հովիվների միջոցով քաջալերել երիտասարդներին, որպեսզի դիմեն հոգևոր ճեմարան: Հոգևոր-կրթական հաստատություններին հանձնարարվել է նաև լայն քարոզչություն իրականացնել հաստատությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Արհեստական վիժեցման խնդրի մասին զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրներին, ծնելության աճի նվազմանը, ամուսնալուծությունների թվաքանակի մեծացման և այդ համատեքստում արհեստական ու սեռով պայմանավորված վիժեցման խնդիրներին: Քննարկման ընթացքում մասնավոր կերպով շեշտադրվել է հիշյալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ ինչպես օրենսդրական, այնպես էլ հոգևոր բնույթի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել է թեմակալներին` ավելի զորացնել ընտանիքի, ընտանեկան արժեքների ամրապնդմանն ուղղված քարոզչությունը: Հանձնարարական է տրվել հայեցակարգային գրասենյակին ձեռնամուխ լինելու Ս. Պսակի խորհրդի և ժողովին արծարծված նյութերի վերաբերյալ եկեղեցու հայեցակարգային մոտեցումների հստակեցմանը:

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ